Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վկան ժողովուրդն է

Վկան ժողովուրդն է
12.09.2012 | 12:13

Չորս ամիս հետո 2012-ը կավարտվի, և Հայաստանը կթևակոխի 2013-ի նախագահական ընտրությունների փուլ։ Այլ կերպ ասած, մի քանի ամիս անց կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ նախագահին իր արածի ու չարածի մասին, որի վկան կլինի պետբյուջեի կատարողականը։

Եթե նկատենք, որ 2012-ի կես տարին գլորվել է, ուրեմն պետք է ենթադրենք, որ այս տարվա պետբյուջեի կատարողականի (հատկապես մուտքերի մասով) զգալի հատվածը պետք է հաղթահարված լիներ։ Սակայն ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներն այլ բան են փաստում։ Այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե մուտքագրվել է 396 մլրդ դրամ` հարկերի, տուրքերի և սոցվճարների տեսքով։ Հիշեցնենք, որ, ըստ ծրագրվածի պետբյուջեում պետք է հավաքագրվի 874 մլրդ դրամ։ Եթե համադրենք այս թվերը, ապա ստացվում է, որ կիսամյակում հավաքագրվել է տարեկան ծրագրված գումարի 45 %-ը։ Գուցե մինչև տարեվերջ, այսինքն` երկրորդ կիսամյակում, կառավարությունը հասցնի հավաքագրել անհրաժեշտ 478 մլրդ դրամը, որպեսզի ապահովի ծրագրված նիշը։ Հատկապես եթե նկատենք, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնական գնումների ծավալները կրկնապատկվում են։ Սակայն արդյոք մեր բնակչությունը կկարողանա՞ անցած տարիների գնումների ծավալը պահպանել, քանի որ տնտեսության մեջ նկատվող գործընթացները հուսադրող չեն։
Ի դեպ, այն, որ այս տարվա առաջին կիսամյակում գործադիրին հաջողվել է ապահովել բյուջեի եկամտային մասի ընդամենը 45 %-ը, առաջին հերթին, փաստում է, որ տնտեսության մեջ առանձնակի աշխուժություն չկա։ Հիշեցնենք, որ 2012-ին ակնկալվում էր 4,2 % տնտեսական աճ։ Փորձագետների կանխատեսմամբ` նման աճի դեպքում կիսամյակը պետք է ավարտվեր գոնե եկամուտների 48,9 % հավաքագրումով, ինչը տեղի չի ունեցել (այս մասին փաստում են ֆինանսների նախարարության տվյալները)։ Իսկ այն, որ տնտեսական աճը շոշափելի չէ, բավական է հայացք նետել շինարարության ոլորտին, անշարժ գույքի շուկայի գործարքներին և, իհարկե, դրամական փոխանցումների ծավալներին։ Նշված երեք ուղղություններում էլ ծավալների կրճատումը, որը սկսվել էր դեռ 2009-ին, շարունակվում է։
Այս ֆոնի վրա շատ հետաքրքիր էր երեք ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, ըստ որի Հայաստանի տնտեսական աճը մինչև տարեվերջ պետք է կազմի 7 %։ Սա, ինչ խոսք, բարի ցանկություն է, սակայն 4,2 % սահմանված տնտեսական աճի դեպքում կիսամյակում պետբյուջեի մուտքերի հավաքագրումը կազմում է 396 մլրդ դրամ։ Այսինքն, կատարվել է 45 %-ը, ուստի ինչի՞ հաշվին և ինչպե՞ս պետք է հավաքագրվեն սահմանված 7 % տնտեսական աճի համար անհրաժեշտ մուտքերը։
Պատահական չէր, որ սկզբում նշեցինք 2013-ը, որպես նախագահական ընտրությունների տարի, քանի որ տնտեսական ցուցանիշները ցանկացած երկրի նախագահի հենարանն են, դրանք են, որ վերածվում են կա՛մ սոցիալական դժգոհության, կա՛մ էլ գոհության։ Եվ խոսքը միայն թվերը չեն, որոնց լուռ վկան կլինի պետբյուջեն։ Կառավարության աշխատանքի խոսուն վկան լինելու է ժողովուրդը` իր սոցիալական դրսևորումներով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ